Երևանում կայացավ «Տարածաշրջանը և աշխարհը» ամսագրի առաջին համարի շնորհանդեսը: Ամսագիրը նախատեսված է ինչպես Հարավային Կովկասի գծով մասնագետների, այնպես էլ այն ընթերցողների համար, ովքեր հետաքրքրվում են տարածաշրջանով: Ամսագրի հիմնական նպատակներից մեկը Հարավային Կովկասի մասին գիտելիքների բարձրացումն է, նրա ճանաչման մտավոր շրջանակների ընդլայնումն ու փորձագիտական և ակադեմիական, քաղաքական ու տնտեսական համայնքների, ինչպես նաև Հարավային Կովկասում բնակվող մարդկանց կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների տեղեկատվա-վերլուծական ընկալման խորացումը: «Ամսագրի անվանումն արդեն խոսում է նրա բովանդակության մասին»,- ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Ասրյանը: Նրա խոսքով, ամսագրի վրա աշխատել են ոչ միայն հայ, այլև արտասահմանյան հեղինակներ: Ընդ որում, Ասրյանը հույս է հայտնել, որ մի քանի ամիս հետո հնարավորություն կլինի հասարակությանը ներկայացնել ամսագրի հաջորդ համարը: Նա հաղորդել է նաև, որ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտն արդեն համագործակցում է իր ռուս և իրանցի գործընկերների հետ, և արդեն պայմանավորվածություն կա, որ երկրորդ համարում նրանք նույնպես հանդես կգան իրենց հոդվածներով: Ամսագրի որոշակի քանակ արդեն ուղարկվել է Իրան և Ռուսաստան:
Ամսագիրը հրատարակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կողմից: