12 հոկտեմբերի 2010 - 14:28 AMT
Վերածնված ԱրԱրԱտը ձգտում է բացարձակ առաջատարության

Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) հոկտեմբերի 12-ին ներկայացրեց իր լեգենդար կոնյակի նոր փաթեթավորումը, որը Հայաստանի խորհրդանիշն է հանդիսանում: Փոփոխության են ենթարկվել բրենդը, պիտակը և նվերի տուփը: «ԱրԱրԱտի համար նոր դարաշրջան է սկսվում, որը կբերի նոր բարձունքների նվաճման և կբարձրացնի Հայաստանի ճանաչվածությունը միջազգային մակարդակով»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը: Նոր բրենդի վրա փյունիկ թռչունը` վերածննդի խորհրդանիշը, համադրվում է այբուբենի առաջին տառի հետ, որն առաջատարություն է խորհրդանշում: Ընդ որում, ԵԿԳ գլխավոր տնօրենն ավելացել է, որ ԱրԱրԱտը չի կանգնելու ձեռք բերածի վրա, քանի որ «կատարելությունը սահման չունի»:

Արևելյան Եվրոպայի երկրներում «Պեռնո Ռիկար»-ի մարքեթինգի տնօրեն Սիրիլ Կլակենը հաղորդել է, որ նոր բրենդի մշակման համար երկու տարի է պահանջվել, որոնց ընթացքում ինչպես հայ, այնպես էլ միջազգային փորձագետները մարքեթինգային նպատակներ են մշակել: Ընդ որում, Սիրիլ Կլակենն ընդգծել է, որ նորացված ԱրԱրԱտը երկրի խորհրդանիշներից մեկն է, ապավինում է հայկական լեգենդներին ու պատմական մշակութային ժառանգությանը, որոնք օգնեցին Հայաստանին վերածնվել:

Չնայած, որ մարքեթինգային հետազոտությունների համար մոտ 1 մլն դոլար է ծախսվել, իսկ ևս 1 մլն ներդրվել է տեխնոլոգիական սարքավորումների ու արտադրական գծերի նորացման համար, ԵԿԳ-ում վստահ են, որ այդ ծախսերը կհատուցվեն, իսկ գուրմանները կգնահատեն նոր փաթեթավորումն ու լեգենդար կոնյակի փափուկ համը: