12 հոկտեմբերի 2010 - 18:58 AMT
Երևանում տեղի ունեցավ «Կրթությունն ԱՄՆ-ում» տեղեկատվական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 12-ին Երևանում կայացավ Միջազգային կրթության Ամերիկյան Խորհուրդների (ACTR/ACCELS) կողմից կազմակերպված «Կրթությունն ԱՄՆ-ում» տեղեկատվական ցուցահանդեսը: Հայ ուսանողներին իրենց ծրագրերին ծանոթացրեցին այնպիսի ամերիկյան համալսարաններ, ինչպիսիք են Ամերիկյան համալսարանը Հայաստանում, Ամերիկյան համալսարանը Բուլղարիայում, HULT Միջազգային բիզնես-դպրոցը (Լոնդոն), Լինն Համալսարանը, Նյու-Յորքի Պլատտսբուրգի համալսարանը, Տուլուզայի համալսարանը (Ֆրանսիա), Հարավային Կարոլինայի համալսարանը և այլն: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրելու ԱՄՆ կրթական համակարգի, ամերիկյան ուսումնական հաստատություններ ընդունվելու կանոնների և ընդունելության քննությունների մասին դասախոսություններ:

Տեղեկատվական ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 15-րդ անգամ: ACTR/ACCELS կրթության գծով գլխավոր խորհրդական Գայանե Գրիգորյանի խոսքով, նախորդ տարիներին 3 ժամվա ընթացքում ցուցահանդեսի այցելուների թիվը միջին հաշվով կազմում էր 1500 հոգի: Սակայն այս տարի կազմակերպիչները միջոցառման հանդեպ հետաքրքրության զգալի աճ են նկատել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գայանե Գրիգորյանը, հայ ուսանողների շրջանում ամենից շատ տարածված են բիզնեսին և արվեստին առնչվող մասնագիտությունները: