13 հոկտեմբերի 2010 - 13:05 AMT
ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի գերծանրքաշայինն է

ԵԱՀԿ ՄԽ դաշտային առաքելությունը, որը հոկտեմբերի 4-14-ն անցնում է ԼՂՀ-ում, կարելի է միայն դրական գնահատել: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, այդ առաքելությունը թույլ կտա համանախագահներին լսել Արցախի ժողովրդի կարծիքը և տեղում ծանոթանալ իրավիճակին: Ավագյանն ասել է, որ այցի շրջանակներում քննարկվել է առաքելության երկրորդ փուլի հնարավորությունն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

Մեկնաբանելով այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը, իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ դա մտահոգիչ է, սակայն հազիվ թե ազդի Հայաստանի ընդհանուր քաղաքականության վրա ղարաբաղյան կարգավորման հարցում:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ Կարեն Ավագյանը հայտարարել է, որ կոալիցիոն ուժերի միջև տարաձայնություններ չկան: «Եթե խոսենք մարզական լեզվով, ապա կարելի է ասել, որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի գերծանրքաշայինն է և առանցքային խաղացողը կոալիցիայում»,-ասել է պատգամավորը: