13 հոկտեմբերի 2010 - 16:49 AMT
Հայաստանի տնտեսության մեջ ընդունված չափանիշների շուրջ 60 տոկոսը համապատասխանում է միջազգային պահանջներին

Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտացման միջազգային օրը, որը կանցնի «Չափանիշներն օգնում են ձևավորել մի աշխարհ, որը հասանելի է բոլորին» կարգախոսով: Այդ մասին հոկտեմբերի 13-ին Երևանում լրագրողներին է հայտնել Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:

Ընթացիկ տարում երկրում մշակվել են մի շարք ազգային չափանիշներ, որոնք կանոնակարգում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հատուկ աշխատատեղերի ստեղծումը, սոցիալական ծառայությունների տրամադրումը տարեցներին ու հաշմանդամներին, ինչպես նաև երեխաների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների աշխատանքը:

2009-10թթ. երկրի տնտեսության առաջատար ոլորտներում ընդունվել է շուրջ 210 ազգային չափանիշ, որոնց 60 տոկոսը համապատասխանում է միջազգային պահանջներին: Այդ չափանիշների կիրառումը կնպաստի արտահանման ծավալների, մրցունակության ավելացմանը և կապահովի անվտանգությունը սպառողական շուկայում, գտնում է ինստիտուտի տնօրենը: