13 հոկտեմբերի 2010 - 17:34 AMT
IFC-ին խորհուրդ է տալիս Հայաստանի կառավարությանը զարգացնել լիզինգի ոլորտը

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի կողմից պատրաստված նոր հաշվետվության մեջ մատնանշվում են այն քայլերը, որոնք Հայաստանի կառավարութունը կարող է իրականացնել`խթանելու լիզինգի ոլորտի աճը, որն իր հերթին կնպաստի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Էկոնոմիկայի նախարարության խնդրանքով IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման» ծրագրի կողմից մշակված հաշվետվության մեջ նշվում է, որ դադարեցնելով լիզինգի նպատակով ներկրված ապրանքների վրա ավելացված արժեքի հարկի կիրառումը, կառավարութունը կօգնի խթանելու լիզինիգի ոլորտի ընդլայնումը: Այլ առաջարկությունները վերաբերում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարելավմանը և լիզինգի հետագա խթանմանը փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում:

Լիզինգը, որը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանում ներկայումս ավելի թույլ է զարգացած, մեծապես կօժանդակի փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք զգալի բաժին ունեն Հայաստանի տնտեսության մեջ:

«Լիզինգը կարող է նպաստել փոքր ընկերությունների աճին, որոնք չունեն բանկային վարկից օգտվելու համար անհրաժեշտ գրավի առարկա և այդ պատճառով ավանդական բանկային ֆինանսավորումը նրանց համար դժվար հասանելի է»,- ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Այս հաշվետվության մեջ մատնանշվում են որոշակի հստակ քայլեր, որոնք կառավարությունը կարող է ձեռնարկել լիզինգի ոլորտի աճը խթանելու համար»,- նշեց նա, հաղորդում է IFC-ի հայաստանյան ներկայացուցչությունը: