13 հոկտեմբերի 2010 - 19:07 AMT
Հայաստանում տների հավաստագրեր են հանձնվել երկրաշարժից հետո անօթևան մնացած 157 ընտանիքների

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, Սարահարթ գյուղում հանձնել ութ բնակավայրերում կառուցված 157 տների հավաստագրեր։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, առանձնատները կառուցվել են «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի» շրջանակում։ «Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ հնարավորություն ունենք ընդգծելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը, այն է, 7000 անօթևան ընտանիքներին ապահովել բնակարաններով, ի կատար է ածվում»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով, սա լուրջ նախաձեռնություն է, և, չնայած սոցիալական խնդիրներին, մեծ ֆինանսատնտեսական ճգնաժամին, մասնավորապես 2009 թվականին ունեցած մեծ տնտեսական անկմանը, այս ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է և ֆինանսավորումը ոչ մի օր չի դադարեցնում։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ աղետի գոտում ընդհանուր առմամբ իրականացվում է 250 մլն դոլարի շինարարություն, որի շրջանակներում 7000 անօթևան ընտանիքներ կստանան պետության կողմից խոստացված բնակարանները։

Բացի դրանից, սպիտակում ՀՀ վարչապետը մասնակցել է քաղաքի «Վարպետաց» թաղամասում «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակում իրականացվող ծառատունկին։ Նա շնորհակալություն է հայտնել «Միասին» շարժման երիտասարդներին, որոնք հետևողական են և վերահսկում են կառավարության կողմից հաստատված «Մաքուր հայրենիք» ծրագրի իրականացումը