13 հոկտեմբերի 2010 - 19:24 AMT
Հենրիկ Մխիթարյան. Պետք չէ մտածել, որ Ռուսաստանի հավաքականն անպարտելի է

Հայաստանի հավաքականի հարձակվող կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հավաքականի երկրորդ գոլն է հարվածել Անդորրայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին EURO-2012 նախընտրական մրցաշարի շրջանակներում և ավարտվեց 4:0 հաշվով հօգուտ Հայաստանի հավաքականի:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մխիթարյանն ասել է, որ շատ հաճելի է, երբ քո թիմն այդքան գոլեր է հարվածում: «Հանդիպման սկզբում դժվար էր, բայց մենք արագ գոլ հարվածեցինք, և խաղը թեթևացավ: Մենք սկսեցինք ավելի վստահ գործել: Իմ հարվածած գոլն իմ գործողություններին հանգստություն հաղորդեց»,- ասել է կիսապաշտպանը:

Մխիթարյանը խոստացել է, որ հայ ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի բարձր արդյունքների հասնեն և ուրախացնեն հավաքականի երկրպագուներին:

Մխիթարյանի խոսքով, Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը, որը տեղի կունենա 2011 թվականի մարտի 26-ին, հեշտ չի լինելու. «Պետք չէ մտածել, որ Ռուսաստանի հավաքականն անպարտելի է, քանի որ ցանկացած թիմին կարելի է հաղթել, գլխավորը հավաքվելն է, և ամեն ինչ կստացվի»,- ընդգծել է Մխիթարյանը:

Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը B խմբում 7 միավորով երրորդ տեղում է, Ռուսաստանի հավաքականը 9 միավոր ունի, իսկ Իռլանդիայի հավաքականը` 7: