14 հոկտեմբերի 2010 - 12:36 AMT
HSBC Բանկ Հայաստանը առաջիկայում կվերսկսի դրամով սպառողական վարկավորումը

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի շահույթն ընթացիկ տարվա 9 ամսում կազմել է 3.9 մլրդ դրամ: «Եթե հաշվի առնենք անցյալ տարի դրամի արժեզրկման գործոնը, ապա շահույթի աճը հաշվետու շրջանում 2009-ի հունվար-սեպտեմբերի համեմատ կազմում է շուրջ 30 տոկոս, իսկ եթե վերցնենք զուտ ֆինանսական ցուցանիշը, ապա շահույթը կազմում է ավելի քան 200 տոկոս»,- ասել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Նրա խոսքերով, վարկային ներդրումները հաշվետու շրջանում ավելացել են 32 տոկոսով` կազմելով 83 մլրդ դրամ տարեսկզբի 63 մլրդ դրամի փոխարեն: Ընդ որում, հիմնական ծավալը բաժին է ընկել իրավաբանական անձանց վարկավորմանը:

Իր հերթին, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդն ավելացրել է, որ անցյալ տարի սպառողական վարկավորման շուկայից շատ բանկերի դուրս գալու պատճառը դրամի ցածր իրացվելիությունն էր և բարձր վարկային ռիսկը: «Մենք տարեսկզբից արագ տեմպերով վերականգնել ենք իրավաբանական անձանց վարկավորումը և ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկավորումը, և արդեն մոտ ժամանակները կվերսկսենք դրամով սպառողական վարկավորումը»,- ասել է նա: