15 հոկտեմբերի 2010 - 16:19 AMT
Բաքուն հերթական անգամ փորձում է բարդել ղարաբաղյան կարգավորման ծանրությունը Հայաստանի վրա

Բաքուն պատասխանի է սպասում Երևանից ղարաբաղյան կարգավորման մադրիդյան պլանի վերաբերյալ: Այդ մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Խոսքը գնում է այն պլանի մասին, որը 2007թ. ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի միջնորդությամբ համաձայնեցվել է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ այդ պլանը փոխանցվել է ադրբեջանական կողմին, որը պատասխանը ներկայացրել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին: «Սակայն հայկական կողմը դեռ իր պատասխանը չի տվել: Մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը մեկ ամիս է մնում, տեսնենք»,-ասել է նա:

Վերջնական պատասխանը ադրբեջանական կողմը կներկայացնի ԵԱՀԿ գնահատման առաքելության արդյունքների հիման վրա: «Միջնորդների միջամտությունը հակամարտության կարգավորմանը հիանալի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանում կայունության հասնելու համար»,-ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում կախված են հակամարտությունների կարգավորումից, հաղորդում է 1news.az-ը: