17 հոկտեմբերի 2010 - 16:27 AMT
Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը

Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը: Ինչպես հաղորդում է Աշխատանքի միջազգային կազմակերպության մամլո ծառայությունը, այս տարի այն տեղի կունենա «Աղքատությունից դեպի արժանի աշխատանք. բացի վերացումը» խորագրով:

«Կանանց և տղամարդկանց համար ազատության, մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքի, սոցիալական երաշխիքների ու հավասարության պայմաններում աշխատելու հնարավորությունների ստեղծումն աղքատության հաղթահարման առավել արդյունավետ և կայուն ճանապարհն է»,- ասվում է Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրեն Խուան Սոմավիայի ուղերձում: Նրա խոսքով, ՄԱԿ-ի վերջերս կայացած գագաթաժողովը, որը նվիրված էր հազարամյակի զարգացման նպատակներին, ցույց տվեց, որ այդ նպատակներին ուղղված առաջընթացի ճանապարհների արդյունքներն ամեն տեղ նույնը չեն: Բայց պետք չէ արհամարել այն փաստը, որ այսօր աշխարհում 1,4 մլրդ մարդ օրական ավելի քիչ, քան $1,25-ով են ապրում: Իրադրությունը հատկապես մտահոգիչ է պակաս զարգացած երկրներում:

«Աշխարհում չպաշտպանված զբաղվածության պայմաններում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 1,5 մլրդ մարդ` մոլորակի աշխատող բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին: Այսօր մեկ միլիարդ մարդ սովի են մատնված; մոտ ինը միլիոն երեխաներ տարեկան մահանում են մինչև հինգ տարեկան հասակում: Մոլորակի բնակչության 80 տոկոսը չունեն սոցիալական պաշտպանություն, որը նրանց կօգներ հաղթահարել կենսական ռիսկերը: Այս վիճակագրական տվյալների հետևում իրական մարդկային կյանքեր են` մայրերի ու հայրերի, որոնք չունեն ընտանիքն ապահովելու միջոցներ, երիտասարդների, որոնք կորցրել են հույսն ու չունեն ավելի լավ ապագայի հեռանկարներ»,- ասել է Սոմավիան:

Նա ավելացրել է, որ իրական ու կայուն փոփոխությունները դեպի լավը կսկսեն այն ժամանակ, երբ մարդիկ հասկանան, որ իրենք պետք է ոչ միայն հասնեն Հազարամյակի զարգացման նպատակին, այլև ավելի հեռուն գնան: