Հայաստանի Կենտրոնական բանկը արդեն զգալի քայլեր է ձեռնարկել բանկային համակարգի ռիսկերի նվազեցման ուղղությամբ, մասնավորապես, դոլարիզացիայի դեմ պայքարում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Հայաստանի բանկային համակարգի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից է պայքարը դոլարիզացիայի դեմ: Արվել են լուրջ փոփոխություններ բանկային համակարգի կանոնակարգման ու կարգավորման ուղղությամբ, ներդրվել են նոր մեխանիզմներ»,-հոկտեմբերի 17-19-ը Երևանում ընթացող Բանկիրների ու ֆինանսիստների համահայկական խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԲ ղեկավարը:
Այդ առնչությամբ, Ջավադյանն ընդգծել է, որ առևտրային բանկերի հետ համատեղ պետք է հաղթահարվեն բանկային համակարգում առկա ռիսկերը, այդ թվում նաև արտարժութային: «Մենք պետք է պայքարենք բարձր դոլարիզացիայի դեմ, քանի որ այն առաջացնում է առավել լուրջ ռիսկեր»,-հավելել է նա:
Խորհրդաժողովի նպատակն է Բանկիրների ու ֆինանսիստների համահայկական ընկերակցության ստեղծումը: Խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 100 պատվիրակներ 10 երկրներից: