20 հոկտեմբերի 2010 - 13:49 AMT
Հենրիխ Մխիթարյան. Դոնեցկում մենք կփորձենք հաղթել «Արսենալին», քանի որ այդ թիմն այնքան էլ «սարսափելի չէ»

Չեմպիոնների լիգայի H խմբում «Արսենալին» 5:1 հաշվով պարտվելուց հետո «Շախտյորի» հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ մոռանալ այդ խաղը և մտածել ապագայի մասին:

«Ողջ թիմը վատ էր խաղում: Պետք է վերլուծություն կատարենք հաջորդ խաղին ավելի լավ պատրաստվելու համար: Սրանք երկու ամենակարևոր հանդիպումներն են Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Չի կարելի այդպես խաղալ, քանի որ մեզ դիտում են երկրպագուները և ողջ Եվրոպան»,- ասել է Մխիթարյանը:

Նրա խոսքերով, «Արսենալը» շատ լավ թիմ է և նրա հետ խաղալը դժվար է. «Նրանք շատ քիչ տարածություն են տալիս, գրոհելը դժվար էր, քանի որ մեզ վրա ճնշում էին գործադրում: Ես ցանկանում եմ մոռանալ այդ խաղը: Դա արդեն պատմություն է:

Դոնեցկում մենք կփորձենք նրանց հաղթել, քանի որ այդ թիմն այնքան էլ վտանգավոր չէ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում terrikon.dn.ua-ն: