21 հոկտեմբերի 2010 - 14:35 AMT
Թուրքիան և ԱՄՆ-ն կհամագործակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Համաձայնագիրը ստորագրվել է Թուրքիայի ԱԳՆ խորհրդականի տեղակալ Սելիմ Յենելի և ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականի տեղակալ Քերի-Ան Ջոնսի կողմից:

«Համաձայնագրի նպատակն է խորացնել և դիվերսիֆիկացնել երկու երկրների միջև հարաբերությունները համատեղ հետազոտական նախագծեր իրականացնելու ճանապարհով, գիտնականներ, մասնագետներ և հետազոտողներ փոխանակելու ճանապարհով»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:

Այդ համաձայնագիրը 1994-ի նորացված արձանագրությունն է և շատ կարևոր է թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար: «ԱՄՆ-ն և Թուրքիան պետք է համատեղ գործեն իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2009-ին Թուրքիա կատարած այցելության ժամանակ:

Պոտենցիալ համագործակցության ոլորտները ներառում են երկրաշարժերի նախազգուշացում, բնապահպանություն, կլիմայի փոփոխություն, վերականգնվող էներգետիկա, առողջապահություն, հնագիտություն, կիրառական գիտություններ և քիմիա: