21 հոկտեմբերի 2010 - 17:05 AMT
Ռուսական հանրագիտարանում ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենն ու ադրբեջաներենը

«Մենք բաց նամակով դիմել ենք Հայաստանի բոլոր ատյաններին, ինչպես նաև «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարանի» խմբագրություն՝ խնդրելով վերանայել հանրագիտարանում զետեղված տեղեկությունները»,-հոկտեմբերի 21-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Անկախ» շաբաթաթերթի խմբագիր Վարդուհի Իշխանյանը:

Նա նշել է, որ Երևանի գրախանութներում վաճառվում է «Աշխարհագրության մեծ պատկերազարդ հանրագիտարանը», որտեղ ասվում է, թե Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենն ու ադրբեջաներենը, իսկ հիմնական կրոնը ուղղափառությունն է (Հայ առաքելական եկեղեցի) և իսլամը (շիաներ): Հանրագիտարանը նաև կեղծ տեղեկություններ է պարունակում ղարաբաղյան հակամարտության մասին: Մասնավորապես, Արցախն այնտեղ ներկայացված է որպես «Ադրբեջանի պատմական տարածք, որը հիմնականում բնակեցված է հայերով»:

Այդ կապակցությամբ Վարդուհի Իշխանյանն ու լրագրող Անի Գասպարյանը կոչ են արել հանրությանը իրենց վրդովմունքն ու բացասական վերաբերմունքը հայտնել այս երևույթի հանդեպ: