Ստամբուլի հայկական եկեղեցու նկուղում, որտեղ ինչ-որ ժամանակ ապրել է Հրանտ Դինքը, գտնվում է նրա անունը կրող հայկական դպրոցը, որտեղ սովորում են հայ ներգաղթյալների երեխաներ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, հիմա դպրոցում սովորում է 70 երեխա: Դպրոցի ուսուցչուհի Հերիքնազ Այվազյանի խոսքերով, երեխաները փորձում են սովորել, բայց մյուս կողմից սպասում են, թե երբ Թուրքիայի վարչապետը կկատարի խոստումը կրթություն ստանալու խնդիրը լուծելու վերաբերյալ:
«2003-ին դպրոցում սովորում էր ընդամենը 7 աշակերտ, իսկ այսօր նրանց թիվը հասել է 70-ի: Այդ ժամանակ մենք դիմեցինք արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանին` խնդրելով մեզ տրամադրել ավելի մեծ տարածք պարապմունքներն անցկացնելու համար, սակայն ոչինչ չստացվեց: Իսկ այդ նկուղը պատկանում է բողոքական եկեղեցուն»,- ասել է Այվազյանը և հավելել, որ դասագրքերը ստանում են Հայաստանից, իսկ աշխատավարձ նրանց վճարում են աշակերտների ծնողները: