24 հոկտեմբերի 2010 - 17:28 AMT
Հայաստանը նախագահը համաձայնվել է նրա հետ, որ գնաճը միշտ վատ երևույթ է

«Մեր գյուղատնտեսական մթերքի շուկայում և, ընդհանրապես, մթերային բոլոր կետերում ամենատարածված խոսակցությունը հենց այն է, որ ամեն ինչը շատ թանկ է: Իհարկե, այդպես է, և այդ մտահոգությունը մենք էլ ունեն: Տվյալ պարագայում, ես չեմ էլ փորձի այս գործընթացը կապել համաշխարհային գների հետ, չեմ փորձի կապել եղանակային պայմանների հետ, որովհետև ինչքան էլ պատճառները լինեն հստակ, միևնույն է, թանկացումը միշտ էլ վատ երևույթ է, և այդ երևույթի դեմ մեր պայքարը պետք է է՛լ ավելի ուժեղանա»,- Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ` մեկնաբանելով այն փաստը, որ գնաճը և բանկչության եկամուտներն անհավասար են: «Չնայած նրան, որ հիմնական թանկացումները, իրոք, կապված են սննդամթերքի, գյուղմթերքի հետ, որովհետև անցած ինն ամիսների ընթացքում մեր երկրում 4.8 տոկոս է գնաճ արձանագրվել և չնայած նրան, որ այդ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է 8 տոկոսով, սոցիալական նպաստների չափն ու կենսաթոշակներն աճել են ավելի մեծ տոկոսով: Դուք ինձնից լավ գիտեք, միևնույն է, սա որևէ հանգստություն չի կարող բերել: Մյուս կողմից էլ, ես չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարում պետական բյուջեով մենք նախատեսում ենք աշխատավարձերի և թոշակների կտրուկ բարձրացում, և որ հենց սկսենք նոր տարին, ամեն ինչ շատ հարթ է լինելու: Թեև նոր բյուջեն նախատեսում է զինծառայողների աշխատավարձի 10 տոկոսանոց աճ (գիտեք, նախատեսվում է մշակույթի աշխատողների, ուսուցիչների աշխատավարձի, թոշակների աճ և այլն), միևնույն է, այս խնդիրը դեռևս տևական ժամանակ Հայաստանում լինելու է: Միակ ելքն այն է, որպեսզի մեր հանրապետության ողջ տարածքում գործարաններ կառուցվեն, որպեսզի կայուն և բարձր վարձատրվող աշխատանք լինի:

Իսկ եթե աշխատանք լինի, մեր մարդիկ աշխատելով, նման գնաճերի պրոբլեմը, վստահաբար, կլուծեն: Ասածս հետևյալն է` մոտ ժամանակներում մեծ հեղափոխություններ չսպասենք այս ոլորտում, բայց, միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք հարցի սրությունը և պրոբլեմի լուծման ուղղությամբ, իրոք, լուրջ աշխատանք ենք կատարում»,-ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: