25 հոկտեմբերի 2010 - 12:37 AMT
Վոլոդյա Հայրապետյանը և Անդրանիկ Հակոբյանը դարձան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիրներ

Խարկովում (Ուկրաինա) ավարտվել է Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 15 երկրների բռնցքամարտիկներ:

Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ նվաճել է 2 արծաթե մեդալ: Եզրափակչում Վոլոդյա Հայրապետյանը մինչև 64 կգ քաշային կարգում մրցել է Վյաչեսլավ Կիսլիցինի հետ (Ուկրաինա) և պարտվել նրան, իսկ Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) զիջել է ուկրաինացի բռնցքամարտիկ Եվգենի Խիտրովին:

Մինչ այդ երրորդ տեղի համար պայքարում Հովհաննես Դանիելյանը 2:9 հաշվով պարտվել է Դենիս Շկարուբոյին (Ուկրաինա), Դերենիկ Գիժլարյանը (52 ք/կ) հրաժարվել է Գաիրբեկ Գերմախանովի (Ռուսաստան) hետ պայքարից, իսկ Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) 1:6 հաշվով պարտվել է Պավել Բիկովին: