«Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններից արդեն որևէ լուրջ բան ակնկալել պետք չէ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա, այդ հարցը սառեցված վիճակում է: Նա նշել է, որ եթե Թուրքիան հասկանա, որ Հայաստանն ուժեղ երկիր է, նույնիսկ եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և եթե շարունակվի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված ճնշումները, ապա նա առանց ավելորդ աղմուկի կբացի սահմանը: Ըստ հայ փորձագետի, այս պահի դրությամբ Թուրքիան տեսնում է հայկական կողմի թուլությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և գտել է այդ գործընթացն ակտիվացնելու համար միջնորդների վրա ճնշում գործադրելու միջոցը: «Թուրքիան օգտագործում է հայ-թուրքական հարաբերությունները դիվանագիտական նպատակներով՝ խոսելու համար ղարաբաղյան հակամարտության մասին, ինչպես նաև այդ համատեքստում ազդելու համար ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վրա»,-ասել է Բոզոյանը: Նա նշել է, որ դե ֆակտո միջազգային հանրությունն արդեն մոռացել է հայ-թուրքական գործընթացի մասին և բոլորը խոսում են միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: