26 հոկտեմբերի 2010 - 13:52 AMT
Երվանդ Բոզոյանն Իլհամ Ալիևին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ

«Պարզ է, որ հայ-ամերիկյան խմբավորման ներկայացուցիչների ձերբակալությունները ԱՄՆ տարբեր նահանգներում բացասաբար կազդեն ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, բայց ես չէի ուզենա կապել այդ գործընթացները»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով այն, թե արդյոք այս ձերբակալությունները կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության վրա: Ընդ որում, նա նկատել է, որ շատերը կապում են այդ հարցերը և գտնում, որ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ ինքը Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ ունի: «Բայց որքան էլ ճնշեն, Հայաստանը պարզապես զիջելու տեղ չունի ղարաբաղյան հակամարտության հարցում»,- ասել է Բոզոյանը: Ընդ որում, նա նկատել է, որ եթե միջազգային հանրությունը հանդուրժի Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որը հայտարարում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին, ապա դա կարելի է համեմատել 1938 թվականի Մյունխենյան պայմանագրի հետ, երբ Անգլիան ու Ֆրանսիան «զոհաբերեցին» Չեխոսլովակիան հանուն ֆաշիստական Գերմանիայի, ինչը հետագայում հանգեցրեց մեծ խնդիրների: Այս համատեքստում հայ փորձագետն Ալիևի վարչակարգը համեմատել է Հիտլերի վարչակարգի հետ: «Հիտլերը միջազգային մասշտաբի խուլիգան է, իսկ Ալիևը` տարածաշրջանային»,- ասել է Երվանդ Բոզոյանը:

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ մի քանի նահանգներում ձերբակալվել են հայ-ամերիկյան խմբավորման ավելի քան 70 անդամներ, որոնք, ենթադրվում է, զբաղվում էին առանձնակի խոշոր չափերի խարդախությամբ և այլ տեսակի հանցագործություններով:

1938 թվականի Մյունխենյան համաձայնագիրը կազմվել է 1938 թվականի սեպտեմբերի 29-ին և ստորագրվել նույն տարվա սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենի, Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Դալադյեի, Գերմանիայի ռեյխսկանցլեր Ադոլֆ Հիտլերի և Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսսոլինիի կողմից: Համաձայնագիրը վերաբերում էր Չեխոսլովակիայի կողմից Սուդետյան մարզը Գերմանիային հանձնելուն: