Հոկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Աղդամի ուղղությամբ, Յուսուֆջանլու բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Քրիստո Քրիստովը (Բուլղարիա): Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: