Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կոնկրետ հասցեատեր ունենան: Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ուղղակի կերպով դատապարտի ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում նրա սադրանքները: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավական քիչ է, քանի որ տվյալ դեպքում այդ երկիրը կկորցնի միակ հաղթաթուղթը` իր նավթագազային ռեսուրսների գրավչությունը միջազգային հանրության համար: Նա ընդգծել է նաև, որ եթե անգամ Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ սկսել, նա կստանա նույն պատասխանը, որին արժանացավ 1990-ական թվականների պատերազմի ժամանակ: