26 հոկտեմբերի 2010 - 21:03 AMT
Եթե ՀՀ նախագահն առաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա քաղաքական մեծամասնությունը մեծ հաճույքով կանի դա

«Եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Աստրախանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մեզ առաջարկի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ապա մենք մեծ հաճույքով կանենք դա»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» կուսակցության օրինագծի վրա, հայտնել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով, եթե Հայաստանի նախագահի գլխավորությամբ որոշում ընդունվի ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին, ապա քաղաքական մեծամասնությունը կարող է անհապաղ նման օրինագիծ առաջադրել և ընդունել այն: «Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ՀՀԿ-ն չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը: Մենք պարզապես չենք ցանկանում խանգարել բանակցային գործընթացին»,- նկատել է նա: