27 հոկտեմբերի 2010 - 19:57 AMT
Ներսես Երիցյանը հուսով է, որ հաջորդ տարի Իրանի հետ համաձայնագիր կստորագրվի ազատ առևտրի մասին

Ժամանակին իրանական կողմն ինքն էր առաջարկել Հայաստանին «Ազատ առևտրի մասին» համաձայնագիր կնքել: «Սակայն, հայկական պատվիրակության Իրան կատարած այցի ընթացքում «Ազատ առևտրի մասին» համաձայնագիր չկնքվեց, քանի որ իրնական կողմը չկարողացավ հաղթահարել որոշ օրենսդրական սահմանափակումներ՝ զրոյական մաքսատուրքեր սահմանելու համար հայկական ապրանքների համար»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամի հարցին:

Ըստ Երիցյանի, կողմերը համաձայնվեցին նոր մոտեցումներ ձևավորել այդ հարցի շուրջ և միջազգային կոնվենցիաների միջոցով, ԱՀԿ-ի հետ եռամսյա ժամկետում հասնել նրան, որ զրոյական մաքսատուրքեր սահմանվեն: Ներսես Երիցյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի Իրանի հետ համաձայնագիր կստորագրվի ազատ առևտրի մասին

Երիցյանը հայտնեց նաև, որ կողմերը պայմանավորվել են Իրանի մաքսային ծառայության պետի այցելության մասին Հայաստան՝ հայկական ապրանքների տարանցման հետ կապված հարցերի քննարկման համար: