ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հոկտեմբերի 27-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ներկայացրեց խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ: Նշվեց, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ մթերվել է 134 794 տոննա խաղող` 16 մլրդ 766 մլն դրամ ընդհանուր գումարով, որի 66,3 տոկոսը կամ 11 մլրդ 120 մլն դրամը վճարված է, վճարման ենթակա է 5 մլրդ 645 մլն դրամը:
Մթերող ընկերությունները մնացած պարտքի մարումը հիմնականում նախատեսում են մինչև տարեվերջ: Մթերման միջին գինն այս տարի կազմել է 124,4 դրամ` նախորդ տարվա 115,4 դրամի դիմաց:
Փոխվարչապետը հորդորեց հետևել, որպեսզի վճարումները կատարվեն խաղողագործների հետ համաձայնեցված ժամկետներում: Արձանագրվեց նաև, որ մթերումները իրականացվել են գյուղացիական տնտեսությունների և մթերող ընկերությունների միջև փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, և վճարված գնից դժգոհություններ չեն եղել, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: