Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին (նստավայրը՝ Երուսաղեմ) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը` շնորհավորելով դեսպան Մեյրոմին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իսրայելական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:
Դեսպան Մեյրոմը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ իր երկիրը կարեւորություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնմանը եւ ինքը կանի առավելագույնը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում առկա նդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ: Այս ենթատեքստում Իսրայելի դեսպանը ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ: