«Հայ դատի» եվրոպական կոմիտեի ջանքերի շնորհիվ օրերս կայացել է Եվրախորհրդարանի պատգամավորների այցը Հայաստան և ԼՂՀ: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, Արցախ կատարած այցի շրջանակներում եվրոպացի խորհրդարանականները, բացի ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումներից, հանդիպել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել են փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներ: «Այդ հանդիպումների ընթացքում Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հասկացել են, որ Ադրբեջանի հայ փախստականներն այն հայերի հետնորդներն են, որոնք բնակվել են Արցախում, այդ թվում` ազատագրված տարածքներում: Արդեն 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, երբ այդ մարդկանց նկատմամբ իրագործվել են կոտորածներ և ցեղասպանություն, վերադարձել են հայրենիք»,- ասել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ ԵԽ պատգամավորներն այդ մասին ոչինչ չգիտեին:
Նա նշել է նաև, որ պատվիրակության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ Արցախի բնակչությունն ընդգրկվելու է ԵՄ մարդասիրական ծրագրերի մեջ: «Միջազգային հանրության կողմից այդ պետությունը չճանաչելու փաստը դեռ չի նշանակում, որ այդ երկրի բնակչության վրա չպետք է տարածվի միջազգային իրավունքը»,- ասել է Վահան Հովհաննիսյանը