3 նոյեմբերի 2010 - 15:08 AMT
Դավիթ Շահնազարյան. Ես խորհուրդ կտայի «Ժառանգությանը» չհասցնել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը քվեարկության

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Աստրախանի հռչակագիրը մարդասիրական բնույթ է կրում, սակայն, դա շատ վտանգավոր փաստաթուղթ է քաղաքականության և միջազգային իրավունքի տեսակետից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, Աստրախանի հռչակագրի բովանդակության համաձայն, կարելի է ասել, որ Հայաստանը հաստատում է, որ պատերազմական վիճակում էր և շարունակում է պատերազմական վիճակում մնալ Ադրբեջանի հետ, քանի որ միայն պատերազմող երկրներն են պայմանավորվում ռազմագերիների փոխանակման մասին:

Շահնազարյանը նշել է նաև, որ դրանով իսկ Հայաստանը բացառեց Արցախի մասնակցությունը բանակցություններին որպես հակամարտության կողմ: Նա նշեց, որ եթե նախկինում ինչ-որ հնարավորություն կար, որպեսզի Ղարաբաղը ընդգրկվեր բանակցային գործընթացում, աապա այժմ այդ հնարավորությունը վերացավ: «Այդ համաձայնագրով Ադրբեջանը միայն շահեց, և եթե ադրբեջանական կողմը լռում է, ապա դա չի նշանակում, որ նա չի հասկանում, թե ինչի է հասել»,-նշել է Շահնազարյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի ստեղծման հնարավորությանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում՝ Շահնազարյանն ասել է, որ այն չի ընդունվի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն չի բացառել, որ գագաթնաժողովի շրջանակներում կողմերը համատեղ հայտարարություն կարող են ընդունել, որտեղ կնշվեն Մադրիդյան սկզբունքների այն կետերը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Մեկնաբանելով Արցախի անկախության ճանաչման հարցը՝ Շահնազարյանն ասել է, որ այս պահի դրությամբ սխալ կլինի ճանաչել ԼՂՀ անկախությունը, դա կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել Հայաստանի համար: Այդ համատեքստում ՀԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ դա կվնասի նաև ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: Շահնազարյանն ընդգծել է նաև, որ այդ հարցում ընդդիմությունը և կոալիցիան պետք է միասնական լինեն: Ես խորհուրդ կտայի «Ժառանգությանը» չհասցնել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը քվեարկության»,-ասել է Շահնազարյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Շահնազարյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է խոստովանեն, որ այդ հարցում սխալ են գործել և որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը կլուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: «Թուրքիային կարելի է ինչում ասես մեղադրել, սակայն, ոչ անկեղծ չլինելու համար, քանի որ նա ի սկզբանե ասում էր, որ առանց ղարաբաղյան կարգավորման սահմանի բացման հարցը չի լուծվի»,-նշել է Շահնազարյանը: