3 նոյեմբերի 2010 - 15:57 AMT
Ալեքսանդր Արզումանյան. Ղարաբաղյան կարգավորման համար բեկումնային պահը դեռ չի եկել

Թողնելով ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը ՀՀ ԱԺ մեծ օրակարգում, պաշտոնական Երևանը ուղերձ է հղել միջազգային հանրությանն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Ես կիսում եմ այն կարծիքը, որի համաձայն Արցախի ճանաչումն այժմ կարող է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին: Ինչ վերաբերում է նախագահների հանդիպմանն Աստրախանում, ապա կարծում եմ, որ Ռուսաստանը հերթական անգամ հիշեցրեց աշխարհին այն մասին, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում»,-ասել է ՀՀ նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ Աստանայում կայանալիք գագաթնաժողովում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա: Ըստ Արզումանյանի, բեկումնային պահը ղարաբաղյան կարգավորման համար դեռ չի եկել:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասել է հետևյալը. «Փորձը ցույց է տալիս, որ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում արտահերթ նախագահական ընտրություններ առանց ֆորս-մաժորային իրավիճակների չեն լինում»: