«Ադրբեջանը դեռ ոչ մի անգամ չի իրագործել Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրերը, և պետք է նշել, որ համաձայնությունների ստորագրման օրը Բաքուն բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը: Սակայն, բացառված չէ, որ այս դեպքում ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունը մասամբ իրագործվի»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե կիրագործվի արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ռազմագերիների փոխանակման մասին: «Բաքուն սովոր չէ կատարել պայմանավորվածությունները, և դա նա վարպետորեն ինչպես միշտ բարդում է Հայաստանի վրա»,- ասել է Կոմանդոսը և հավելել, որ միջազգային հասարակությունն ավելի ադեկվատ ընդունում է Բաքվի սուտը, քան գոյություն ունեցող իրողությունները:
Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում Բաքվի ագրեսիվ պահվածքին` նա նշել է, որ ԼՂՀ-ն չպետք է հանդուրժի դա, և հրադադարի խախտման դեպքում Ղարաբաղը պետք է արժանի պատասխան տա Ադրբեջանին: