Հաագայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու կապակցությամբ ադրբեջանական կեղծարարությանն ի պատասխան` Նիդերլանդների Հաագա քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Ջ.Ջ. վան Աարցենը հերքող նամակով է հանդես եկել: Այդ մասին ասվում է հոլանդահայ կազմակերպությունների մամլո հաղորդագրության մեջ: Ջ.Ջ. վան Աարցենի նամակում, մասնավորապես, ասված է.«Ցավոք սրտի, հեղինակություն վայելող թերթերից մեկում կարդացի, որ ես անձամբ մերժել եմ հուշարձանի տեղադրումը` հիմնվելով Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական մշակութային միության (NATCV) կողմից հավաքած և ներկայացրած 20 000 ստորագրության վրա` ընդդեմ հուշարձանի տեղադրման: Ես շատ եմ ցավում կեղծ հրապարակումների համար և տեղեկացնում եմ, որ Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական մշակութային միության կողմից ներկայացված ստորագրությունները չեն ընդունվել, բացի այդ` հարցի շուրջ քննարկումների ընթացքի մասին երկու կողմն էլ պարբերաբար տեղեկացվել են ինչպես նամակի, այնպես էլ հեռախոսազրույցների միջոցով»:
Նամակում նաեւ ասվում է, որ Հաագայի գործադիր իշխանության վերոնշյալ որոշումը կայացվել է դեռ ամառվանից առաջ, եւ նշվում է, որ 2001թ-ին Նիդերլանդների Ասսեն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան արդեն տեղադրվել է:
Այսուամենայնիվ, հոլանդահայ կազմակերպությունները` Հոլանդահայ Ֆեդերացիան և Հայ Դատի Հանձնախումբը, դժգոհ քաղաքապետի փաստարկներից հուշարձան չտեղադրելու առնչությամբ և այժմ խորհրդակցում են հետագա քայլերի մասին, ասվում է հաղորդագրության մեջ: