Նոյեմբերի 3-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի առողջապահության նախարար դոկտորՌիդա Սայիդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ առողջապահության եւ բժշկագիտության ոլորտում առկա ներուժին ու հնարավորություններին եւ կարեւորել դրանց զարգացման անհրաժեշտությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2008թ. Դամասկոսում ստորագրված Գործնական ծրագրի շրջանակներում ձեւավորված աշխատանքային խմբերի հերթական հանդիպումն անցկացնել Երեւանում:
Դոկտոր Ռիդա Սայիդն ընդգծել է, որ համապատասխան հրավերի առկայության դեպքում կայցելի Հայաստան` համագործակցության զարգացման հեռանկարները տեղում ուսումնասիրելու համար: