9 նոյեմբերի 2010 - 12:59 AMT
ՀՀ հանրահավաքների մասին նոր օրինագծի համաձայն, բողոքի ակցիաները հնարավոր կլինի դադարեցնել միայն ծայրահեղ դեպքերում

ՀՀ հանրահավաքների մասին նոր օրինագիծը տարբերվում է գործող օրինագծից, և եթե նախկինում նվազագույն խախտումը հիմք էր հանդիսանում ցույցը դադարեցնելու համար, նոր օրենքով դա անհնար կլինի: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` մեկնաբանելով այն, թե որքանով է նոր օրինագիծը նպաստելու նրան, որպեսզի բողոքի ակցիաներ անցկացնելու իրավունքն ավելի պաշտպանված լինի: Նրա խոսքերով, նոր օրինագծի համաձայն բողոքի ակցիաները հնարավոր կլինի դադարեցնել միայն ծայրահեղ դեպքերում: Միաժամանակ նա նշել է, որ եթե նույնիսկ լիազոր մարմինը չպատասխանի ցույցի կազմակերպիչների հայտին, ապա նրանք կարող են առանց դրա անցկացնել իրենց միջոցառումը:

Արմեն Հարությունյանը նաև հաղորդել է, որ եթե լիազոր մարմինն արգելի հանրահավաքի անցկացումը, ապա նա պետք է կազմակերպի լսումներ: «Ցույցի կազմակերպիչներին չեն կարող ուղղակի մերժել»,- ասել է նա և հավելել, որ այս օրինագիծն արդեն փորձաքննության է ենթարկվել Վենետիկի հանձնաժողովի և միջազգային փորձագետների կողմից: