9 նոյեմբերի 2010 - 13:51 AMT
Եթե Chatham House-ի փորձագետները ծանոթանային Անկարայի իրական քաղաքականությանը, ապա դժվար թե Աբդուլլահ Գյուլին պարգև շնորհեին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ձեռքից կստանա բրիտանական Chatham House Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի հեղինակային պարգևը` «տարածաշրջանում իրադրության կայունացման և Թուրքիայի ներքին մոդեռնիզացման ուղղությամբ ջանքերի համար»:

«Թուրքիայի նախագահը պետք է ուրախ լինի Բրիտանիայի թագուհու ձեռքից նման մրցանակ ստանալու առթիվ: Այս պարգևն Աբդուլլահ Գյուլին է շնորհվում հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և Թուրքիայում մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ ջանքերի համար: Որքան հեռու է այդ ամենն իրականությունից ու ճշմարտությունից»,- ասվում է Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խմբի պատասխանատու քարտուղար Օդեթ Բազիլի` PanARMENIAN.Net ուղարկած հայտարարության մեջ:

Բազիլը գտնում է, որ եթե Chatham House-ի փորձագետներն այցելեին տարածաշրջան և ուսումնասիրեին Անկարայի իրական քաղաքականության փաստերը, ապա Թուրքիայի նախագահը Chatham House-ի պարգևին արժանանալու փոխարեն ստիպված կլիներ պատասխանել հարցերին այն մասին, թե ինչու է Թուրքիան մինչ օրս հրաժարվում բացել հարևան Հայաստանի հետ սահմանը:

«Գյուլին կհարցնեին Արևմտյան Հայաստանում` ներկայիս Արևելյան Անատոլիայում գտնվող հայկական եկեղեցիների վիճակի մասին, որտեղ եկեղեցիները որպես թանգարան են ծառայում: Թուրքիայի նախագահին կհարցնեին իր նախնիների կողմից 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման մասին: Այն ժամանակ ավելի քան մեկուկես միլիոն հայեր ոչնչացվեցին Թուրքիայի անհանդուրժողականության ու բարբարոսության պատճառով»,- ընդգծում է Օդեթ Բազիլը:

Նրա խոսքով, ցանկացած մարդ, որը գիտակցում է 1915 թվականի սարսափները, ինչպես նաև հավատարիմ է բարոյական էթիկայի ու մարդասիրության սկզբունքներին, չի կարող կիսել «Թուրքիայի հաջողությունը»: