9 նոյեմբերի 2010 - 21:51 AMT
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Քաղծառայության խորհրդի, «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ և ԵՊՀ միջև փոխըմբռնման հուշագիր կնքվեց

Նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր կնքվեց: Այս փաստաթղթի համաձայն, կողմերը հետամուտ կլինեն քաղաքացիական ծառայողների կողմից բարելավված հանրային ծառայությունների մատուցմանը և նրանց մասնագիտական կատարելագործմանը` խրախուսելու թափանցիկությունն ու նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը Հայաստանի հանրային կառավարման համակարգում:

Համատեղ նախաձեռնության նպատակն է խթանել կոռուպցիոն ռիսկերի գիտակցման ձևավորումը քաղաքացիական ծառայողների շրջանում և ներդնել ժամանակակից կառավարման մեթոդներ քաղաքացիական ծառայության ոլորտում` բարոյական նորմերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ: «Արդյունավետ հանրային կառավարումը կախված է քաղաքացիական ծառայողների հմուտ և մասնագիտական աշխատանքից, և մենք հավատացած ենք` որակյալ վերապատրաստումը կխթանի Հայաստանում արդյունավետ և թափանցիկ հանրային ծառայություն բոլորի համար»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: