10 նոյեմբերի 2010 - 14:34 AMT
2011-ին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը կկազմի հայ երիտասարդության խնդիրների վիճակագրությունը

Սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է լրագրողների հետ և պատմել է հայ երիտասարդության խնդիրների մասին:

Քարամյանը նշել է, որ 1945-ի նոյեմբերի 10-ին Լոնդոնում ձևավորվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիա, որը զբաղվել է երիտասարդության հետ կապված տարբեր հարցերի լուծմամբ: Իսկ 1999-ի օգոստոսին ՄԱԿ-ն այդ օրը հռչակել է երիտասարդության միջազգային օր:

Քարամյանի խոսքերով, Հայաստանում բնակվում է շուրջ 900 հազար երիտասարդ, և 2011-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիտարկում կանցկացնի և կկազմի համապատասխան վիճակագրություն: «Մենք կփորձենք իմանալ, թե քանի երիտասարդ կրթություն ունի, նրանցից քանիսն է աշխատում կամ ընտանիք ունի: Հետազոտությունից հետո մենք կհրապարակենք հայ երիտասարդության մասին զեկույց: Միայն կոնկրետ փաստերի դեպքում երիտասարդական ծրագիրը կարող է արդյունավետ լինել»,- ասել է Քարամյանը և հավելել, որ նման դիտարկում անցկացվել է 2007-ին, բայց թերություններ է ունեցել: