10 նոյեմբերի 2010 - 15:39 AMT
Հայաստանում «հանցագործների» խումբ են հավաքում ուրանի հանքերի շահագործման դեմ պայքարելու համար

Հանրահայտ և հեղինակավոր դերասան Երվանդ Մանարյանը և հայտնի ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը հայտարարել են, պատկերավոր ասած, «հանցագործների» մի խումբ հավաքելու մասին, որոնք պատրաստ են օգտագործել պայքարի բոլոր մեթոդները Սյունիքի մարզում ուրանի հանքերի օգտագործման դեմ և կոչ են արել բարեխիղճ քաղաքացիներին մասնակցել առաջիկա հանրահավաքին:

Լեռնաձոր համայնքում ուրանի հետախուզման աշխատանքներ են տարվում: Քանի որ ուրանի հանքերի շահագործումը մահացու սպառնալիք է տեղի բնակչության համար, նոյեմբերի 11-ին Կապանի մշակույթի տան մոտ տեղի կունենա խաղաղ արտոնված հանրահավաք:

Լավ ծանոթ լինելով մարզի կենցաղի հետ, Երվանդ Մանարյանը խորապես մտահոգված է այնտեղի գործընթացներով: «Ընդերքը տակնուվրա են անում, իսկ եկամուտը գրպանում են, ավելին, այդ մարդիկ հեռանում են երկրից»,-ասել է նա: Դերասանն ընդգծել է, որ նախաձեռնող խումբը դեմ չէ Սյունիքի ընդերքի հարստության օրինական օգտագործմանը: Մանարյանը հավելել է, որ իշխանությունների կարճամտությունը հանգեցնում է նրան, որ քանդվում են «ապագայի հիմքերը, որի համար մենք պատասխանատու ենք»:

Տիգրան Խզմալյանն ընդգծել է, որ ըստ ՀՀ Սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովրդին են պատկանում նաև ընդերքի հարստությունները: «Ընդերքը պետք է ծառայի երկրի բարօրությանը, իսկ այժմ այն վնասում է ժողովրդին»,-ասել է նա: