Նոյեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելին: Հանդիպման ժամանակ մանրամասն անդրադարձ կատարվեց հումանիտար բնագավառում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվեցին Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի բացման, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի միջեւ համագործակցության, կրթական փոխանակումների աշխուժացման, Հայաստանի ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի բացման, Հայաստանում Հնդկաստանի մշակութային սեզոնի անցկացման վերաբեյալ հարցեր: Նյու Դելիում Էդվարդ Նալբանդյանը նաեւ ծավալուն հարցազրույց տվեց «Asian Age» հեղինակավոր պարբերականին:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նոյեմբերի 11-ին նախատեսված են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունները, Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդում, ինչպես նաեւ հարցազրույցը Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը: