11 նոյեմբերի 2010 - 12:22 AMT
Հայաստանի կառավարությունը ավելացնում է աջակցությունը երիտասարդ ընտանիքներին

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 11-ի նիստում փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունված որոշման մեջ: Ինչպես հայտնել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, փոփոխությունները նախատեսում են բնակարանային պայմանների բարելավում «Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» ծրագրով: Նախարարն ասել է, որ այդ ծրագրով արդեն վերաֆինանսավորվել են 1,1 մլրդ ընդհանուր արժողությամբ վարկեր:

«Վարկավորման ակտիվությունը երկրի մարզերում անբավարար է, քանի որ առաջարկվել են ընդհանուր պայմաններ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի համար»,-ասել է Դավթյանը՝ նշելով, որ կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների համաձայն նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին սուբսիդավորել 4 տոկոսով, նախկին 2 տոկոսի փոխարեն:

Ավելին, կկրճատվի կանխավճարի չափը՝ կազմելով 10 տոկոս, նախկին 30 տոկոսի փոխարեն: Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այդ որոշումը համահունչ է կառավարության մարզերի համաչափ զարգացման ծրագրին: «Այդ որոշմամբ մենք հնարավորություն ենք տալիս ավելի մատչելի դարձենլ հիփոթեքային վարկերը երկրի մարզերի համար»,-ասել է վարչապետը: