Վերջին 5 տարում գրանցվել է գինու արտադրության կայուն աճ և օղու արտադրության ծավալների կրճատում, լրագրողներին է ասել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, գինու արտադրության աճը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 30 տոկոս, կոնյակի արտադրության ծավալները ավելացել են 20 տոկոսով, իսկ օղու արտադրությունը կրճատվել է 15 տոկոսով:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին՝ Հարությունյանն ասել է, որ օղու արտադրության կրճատման գործոններից մեկն այն է, որ հայերը փորձում են վերադառնալ ավանդական գինուն: «Օղին քաղաքական ենթատեքստ ունեցող խմիչք է, այն միշտ գլոբալ խնդիրներ է լուծել Ռուսաստանի ու ԽՍՀՄ պատմության մեջ, իսկ գինին դա մշակույթ է: Այսինքն, այժմ սկսել են մեծ ուշադրություն դարձնել հոգևոր արժեքների վրա և վերադառնալ ավանդույթներին»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Հայաստանում օղու արտադրության կրճատման վրա ազդել է նաև բարձրորակ ռուսական օղու առկայությունը հայկական շուկայում:--ԿԱ-- Գինեգործների միության ղեկավար. Հայ ժողովուրդը փորձում է վերադառնալ ավանդական գինուն