17 նոյեմբերի 2010 - 18:46 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է հայկական խաչքարերը որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու Հայաստանի հայտը

2010 թ. նոյեմբերի 15-19-ը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանը: Օրակարգում ընդգրկվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկերի համալրման հարցը: Ցանկում տեղ է գտել նաև Հայաստանի Հանրապետությունը` իր Symbolism and craftsmanship of Khachkars, Armenian cross-stones («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») ոչ նյութական մշակութային արժեքի հայտով, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները: Խաչքարագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությունը ողջունել է աշխարահասփյուռ հայությունը:

Քենիայում ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը ի թիվս այլ փոփոխությունների, պահանջել է հայկական հայտի անվանումը խմբագրել «Հայկական խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարբերակով:

Ադրբեջանն իր այս քայլով փորձել է վիճարկել խաչքարի ծագումնաբանությունը և ազդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր Ասամբլեայի հաստատած չափորոշիչներին համապատասխան ներկայացված հայտի ընդունման գործընթացի վրա:

Միջկառավարական կոմիտեն առաջարկել է հայկական հայտի քննարկումը տեղափոխել նոյեմբերի 17-ի օրակարգ: Միևնույն ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է կազմակերպել իր ներկայացուցչի ներկայությամբ` հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություն` խնդրին երկուստեք ընդունելի լուծում տալու նպատակով: Երկարատև ու լարված քննարկումների արդյունքում Միջկառավարական կոմիտեն հաշվի չի առել ադրբեջանական կողմի պնդումները և ընդունել է հայկական կողմի առաջարկած "Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars" («Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը») տարբերակը: Հայկական հայտն ընդունվել է։