18 նոյեմբերի 2010 - 14:18 AMT
Երևանում առաջին անգամ նշում են «Բոժոլե նուվո» ֆրանսիական գինու տոնը

Նոյեմբերի 18-ին Երևանում առաջին անգամ նշվում է «Բոժոլե Նուվո» ֆրանսիական գինու տոնը: Ինչպես հայտնել է Երևանում մամլո ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապինը, այդ տոնը երկար տարիներ նշվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը:

Միջոցառման նախաձեռնող, Հայաստանում Լիոնի դեսպան, ուսանողուհի Լուսինե Արզումանյանի խոսքերով, այդ նախաձեռնության նպատակը գինու օգտագործումն է` որպես երկխոսության միջոց երկու քույր-քաղաքների` Երևանի և Լիոնի միջև:

Իր հերթին, «Եվրոպա» հյուրանոցի կառավարիչ Նուբար Թաթարյանը հաղորդել է, որ Հայաստան արդեն բերվել է 400 լ «Բոժոլե նուվո» գինի. «Դա իհարկե շատ համեստ ծավալ է, բայց սա միայն սկիզբն է: Այս նախաձեռնության նպատակը երկու մշակույթների մերձեցումն է»:

«Բոժոլե նուվո» գինու առանձնահատկությունը նրա խմորման կարճ ժամանակահատվածն է և այն, որ գինին պետք է օգտագործվի 6 ամսվա ընթացքում:

Երևանում գինու տոնը կազմակերպում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Բոժոլեի առևտրաարդյունաբերական պալատը և «Սաբերատուր Սևան Վոյաժ» ճամփորդական գործակալությունը: