18 նոյեմբերի 2010 - 20:03 AMT
Գոռ Թամազյան. Հայ երիտասարդությանը Նժդեհի գաղափարախոսության միջոցով սեր է հարկավոր սերմանել

«Մեր երիտասարդությանն այսօր պակասում են Գարեգին Նժդեհի գաղափարներն ու հայացքները, որոնց միջոցով կարելի է նրանց մեջ հայրենիքի հանդեպ սեր, միասնական պետության, միասնական ազգի ու միասնական եկեղեցու գաղափարներ սերմանել »,- նոյեմբերի 18-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Մեկ ազգ» կուսակցության նախագահ Գոռ Թամազյանը:

Նրա խոսքով, Հայաստանի բնակչության մեծ մասն այնքան տեղեկացված չէ, որ նրա ներկայացուցիչները հեշտությամբ այս կամ այն աղանդների հետևորդ են դառնում: «Անհրաժեշտ է երեխաների ու դեռահասների մեջ ազգային ոգի և միասնական պետության գաղափար դաստիարակել, որպեսզի նրանք իրենց ժամանակը չանցկացնեն դիսկոտեկներում` զբաղվելով չգիտես ինչով»,- նկատել է Թամազյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպես է «Մեկ ազգ» կուսակցությունը մտադիր հասնել դրան և ինչպիսի գործնական քայլեր է ձեռնարկում դրա համար, կուսակցության ղեկավարը նշել է, որ իրենք զբաղվում և զբաղվելու են քարոզչությամբ` առանձին ելույթների, թռուցիկների, մամլո ասուլիսների միջոցով: «Մենք ուրիշ հնարավորություններ չունենք էլ: Իմ կամքով լիներ, ես օրենքում մի կետ կավելացնեի, որը կենթադրեր, օրինակ, քրեական պատասխանատվություն Հայ Առաքելական եկեղեցուց բացից որևէ այլ եկեղեցու ընդունման համար, բայց ես չեմ կարող նման բան անել»,- ասել է նա: