«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն արդեն 4 ամիս է պանիր չի արտադրում` կապված կաթի գնի բարձրացման հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության ղեկավար Տիգրան Վարդանյանը Երևանում նոյեմբերի 23-26-ն ընթացող «Արմպրոդէքսպո-2010» ցուցահանդեսի ժամանակ: «1 լիտր կաթի մթերման գինն այսօր կազմում է 160 դրամ 2009-ի 130 դրամի փոխարեն»,- ասել է նա: Ինչպես հայտնի է, Հայաստանում պանրի գները վերջին ամսում կտրուկ բարձրացել են, սակայն իշխանությունները ոչ մի միջոց չեն ձեռնարկում:
Նման իրավիճակ, նրա խոսքերով, ստեղծվել է այն պատճառով, որ ֆերմերների համար շահավետ չի եղել անասուն պահելը և կաթը վաճառելը, որի համար ցածր գին են առաջարկել:
Ընկերության ղեկավարը նշել է, որ ընկերությունն աշխատում է վնասով, սակայն, գործադրվելու են բոլոր ջանքերը մինչև տարեվերջ կաթնամթերքի գները չբարձրացնելու համար: Միաժամանակ նա նշել է, որ ընկերությունն իր գործունեությունը կենտրոնացրել է կաթնամթերքի տեսականու արտադրության վրա: