24 նոյեմբերի 2010 - 16:54 AMT
2009-ին «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակներում հավաքված միջոցների շնորհիվ Շուշին կյանքի է կոչվում

2009-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացրել է «Մեր Շուշին» կարգախոսով 12-րդ միջազգային հեռուստամարաթոնը, որի շրջանակներում հավաքվել է 15.875.043 դոլար, հավաքված գումարը նախատեսվում է տրամադրել Շուշիի վերականգնման ծրագրերի իրագործմանը: «Մենք արդեն ավարտված նախագծեր ունենք, օրինակ, մենք վերանորոգել ենք տասնյակ բնակելի տների տանիքներ, 4 ճանապարհահատվածներ, վերականգնվում է գլխավոր ճանապարհը, որը տանում է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը: Նա նաև հաղորդել է, որ աշխատանքներ են տարվում Շուշի քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնման ուղղությամբ: «Բացի դրանից, բարեկարգվում է Մշակույթի տունը, Խաչատուր Աբովյանի անվան գրադարանը»,- ասել է նա և հավելել, որ աշխատանքներ են տարվում Շուշիի մոտ գտնվող Շեն գյուղի գյուղապետարանի շինարարության ուղղությամբ:

Շինաշխատանքներ են տարվում նաև Քարինտակ գյուղում, որը նույնպես գտնվում է Շուշիի մոտ, նախատեսվում է ջեռուցում անցկացնել գյուղի դպրոցում, ինչպես նաև վերանորոգել 11 բնակելի տների տանիքները:

Անդրադառնալով նրան, թե հիմնադրամի գործունեության ողջ ընթացքում երբ է հավաքվել ամենախոշոր գումարը, Գրիգորյանը նշել է, որ դա եղել է 2008-ին, երբ հիմնադրամը հավաքել է 35 մլն դոլար:

Իր գոյության 18 տարիների ընթացքում «Հայաստան» հիմնադրամն իրագործել է 200 մլն դոլարի արժողությամբ ծրագրեր: