«Հայաստանն ու Թուրքմենստանը համագործակցության լուրջ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում»,- Աշխաբադում ելույթ ունենալով Թուրքմենստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում` հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերի ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն իր աշխատանքն սկսեց Աշխաբադում:
Կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը ևս: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծ նշանակություն է տրվել հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին. ստորագրվել են մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին և նրա աշխատասեր ժողովրդին»,-ասել է Թուրքմենստանի նախագահը` շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին` Հայաստան պաշտոնական այցի հրավերի համար: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ Աշխաբադը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն և այլն, համագործակցության հեռանկար է տեսնում:
Այսօր երեկոյան Թուրքմենստանի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ընթրիք կմատուցվի, տրվել է պաշտոնական ընթրիք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: