26 նոյեմբերի 2010 - 17:29 AMT
«Երիտասարդներին՝ մատչելի բնակարան» ծրագրով 131 վարկ է հատկացվել Երևանում և 56-ը՝ մարզերում

«Երիտասարդներին՝ մատչելի բնակարան» ծրագրի մեկնարկից հետո անցած վեց ամիսներին Հայաստանում հատկացվել է 187 հիփոթեքային վարկ, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը: Ըստ նրա, 131 վարկ է հատկացվել Երևանում և 56-ը՝ մարզերում: « Հատկացված վարկերի ընդհանուր գումարը կազմում է 1,5 մլրդ դրամ, իսկ դոտացիաների ծավալը կազմել է 30 մլն դրամ: Քննարկման փուլում է ևս 33 վարկային հայտ 231,5 մլն դրամ ընդհանուր ծավալով»,-ասել է նա:

Հատկացված վարկերի միջին ծավալը կազմել է 8,2 մլն դրամ, 12,4 տարի միջին ժամկետով, իսկ միջին տոկոսադրույքը կազմել է 10,3 տոկոս: Թամազյանն ասել է, որ վերջերս կառավարությունը վերանայել է վարկավորման պայմանները և առաջիկայում այլ փոփոխություններ չեն նախատեսվում: Մասնավորապես, եթե նախկինում մարզերի բնակիչների համար պետության մասնակցությունը 2 տոկոս էր, ապա այժմ 4 տոկոս է: Բացի այդ, մարզերում սկզբնական անդամավճարը նախկին 30 տոկոսի փոխարեն կկազմի 10 տոկոս: «Երիտասարդներին՝ մատչելի բնակարան» ծրագրին մասնակցում է 13 բանկ ու 3 վարկային կազմակերպություն: