26 նոյեմբերի 2010 - 21:55 AMT
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ընդունեց Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող փորձագետներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 26-ին ընդունեց Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող փորձագետներ Ռոբերտ Հերցոգին, Ալինա Տատարենկոյին և Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Ինչպես հաղորդում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ «Հայաստան- Եվրախորհուրդ. տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման 2011-2014թթ. գործողությունների ծրագրի» նախագծին, որի մշակմանն աջակցել են նաև փորձագետները: Փաստաթղթի մշակման աշխատանքներն արդեն ավարտման փուլում են:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց հյուրերին և բարձր գնահատեց նրանց աջակցությունը ինչպես վերոնշյալ փաստաղթղթի, այնպես էլ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին միտված մի շարք օրինագծերի, մասնավորապես, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մշակման հարցում: Նա հաստատեց ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը:

Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին նվիրված հարցերը քննարկվեցին նաև այսօր անցկացված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Եվրախորհրդի և Հայաստանի համայնքների միության համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, տեղական և միջազգային փորձագետներ:

Նույն օրը ԵԽ փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Հերցոգն նաև թեմային վերաբերող դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: