Հարավային Կովկասում առաջին հերթին հարկավոր է հաղթահարել միջպետական առճակատումը հայերի ու ադրբեջանցիների միջև: Այդ մասին հայտարարել է հայտնի վրաց իրավապաշտպան, Հակամարտությունների ու բանակցությունների միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին՝ առաջարկելով Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման հնարավոր սցենարներ: «Ես գտնում եմ, որ Հարավային Կովկասում կարող է ձևավորվել ընդհանուր իրավական դաշտ ավելի լայն միության տեսքով, օրինակ, կովկասյան պետությունների համադաշնության ԵՄ օրինակով: Այդ համադաշնության կազմում իրենց արժանի տեղը կարող են գրավել չճանաչված հանրապետությունները: Դա իդեալական լուծում կլիներ»,-ասել է Խուցիշվիլին: Ըստ նրա, վրաց հանրությունը երբեք չի համաձայնվի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, վրաց փորձագետը նշել է, որ իրավիճակն այստեղ ավելի բարդ է: «Դա միջպետական հակամարտություն է»,-ասել է նա: Ըստ նրա, Ադրբեջանը չի համաձայնվի Ղարաբաղի անկախությանը: Նա նշել է նաև, որ եթե կողմերը համաձայնության գան Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ, ապա կսկսվեն բանակցություններ, որոնք կարող են շարժել ստեղծված իրավիճակը մեռյալ կետից և հանգեցնել հաջող ելքի, հաղորդում է Deutsche Welle-ն: