27 նոյեմբերի 2010 - 15:56 AMT
Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Նոյեմբերի 27-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում տեղի է ունեցել ֆեդերացիայի իրավաբանական անձանց միության 8-րդ նիստը, որին մասնկցել է 54 պատգամավոր

Նիստին ներկա էր ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ և Ուկրաինայի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Սուրկիսը: Իր խոսքում նա նշեց, որ հայկական ֆուտբոլը զարգանում է և դա են ապացուցում Հայաստանի հավաքականի հաջող ելույթը ԵԱ-2012 խմբային փուլում և Հայաստանի լարված առաջնությունը, որտեղ հաղթողը հայտնի դարձավ միայն վերջին տուրում: «Ես վստահ եմ, որ դուք կարող եք հաղթահարել ԵԱ խմբային փուլը, մենք ձեզ սպասում ենք Ուկրաինայում ու Լեհաստանում: Հաջողություն եմ մաղթում Հայաստանի ֆեդերացիային»,-ասել է նա: Սուրկիսը ՀՖՖ-ին է նվիրել Եվրոպայի առաջնության լոգոտիպը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը վերընտրվել է նախագահի պաշտոնում ևս 4,5 տարով, իր հաշվետու զեկույցում նշեց, որ ֆեդերացիան շարունակում է ընթանալ դեռևս 8 տարի առաջ որդեգրած սկզբունքներով: Նա ընդգծել է, որ զանգվածային ֆուտբոլի զարգացումը ֆեդերացիայի կարևոր ուղղություններից մեկն է: «2009թ. հունվարից Հայաստանի 450 դպրոցներում դասավանդվել է փորձնական ֆուտբոլ առարկան, իսկ 2010թ. այն մշտական է դարձել: ՀՖՖ-ն զանգվածային ֆուտբոլի 975 միջոցառում է անցկացրել, որին մասնակցել է 51 հազար երեխա, մարզիչ ու ուսանող: Բացվել է 32 «բաց զվարճալի ֆուտբոլային դպրոցներ», վերպատրաստվել և կրթվել են 514 մարզիչ-ինստրուկտորներ»,-ասել է Հայրապետյանը:

Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ դժգոհ է մրցավարների աշխատանքից, որոնք սպասարկում էին Հայաստանի առաջնության խաղերը. «Դեռ 2007-2008թթ. մենք համակարգային փոփոխություններ կատարեցինք այդ ոլորտում, հիմնվելով միջազգային փորձի ու ՈՒԵՖԱ-ի մրցավարական հայեցակարգի վրա: Այդ փոփոխությունները պետք է զգալի արդյունք տային, սակայն, դա տեղի չունեցավ և ես խայտառակ եմ համարում մեր մրցավարների մրցավարությունը»: